Այստեղ եղևնու թաթերը ձյան տակ, Ծածուկ դողում են ձայներից անկոչ, Կախարդանքներին հլու հպատակ, Եվ վհուկների դիվային կամքով: Դու էլ ես այստեղ, դու էլ չես կարող, Քեզ հմայքներով կապել է ջադուն, Ծածկել է քեզնից երգը արարող, Ու թմբիրի մեջ պահել իր բանտում: Թեկուզ չորանա անտառն արմատից, Եվ ծաղիկներին բուքը հալածի, Առնեմ ձեռքերիս ու տանեմ պիտի, Ու թող սերը քեզ իր դուռը բացի: Թող այսօր արցունք չկաթի խոտին, Եվ թող լուսինը ամպի մեղքն առնի, Ապարանքներում, երկնքին մոտիկ, Կապույտ ծովը թող նշան տա դռնից: Եվ շաբաթվա մեջ կլինի մի օր, Եվ ժամ կլինի, հնազանդ մի թիվ, Երբ կամուրջները կքանդի բոլոր, Որ անցյալը մեզ չհետապնդի: Իսկ եթե սրտիդ ցանկությունն էր սա, Եվ գողությունը հանցանք չէր բնավ, Դղյակը, - կասենք, - շատերին հասավ, Բայց մեր խրճիթը՝ միայն մեզ մնաց:
© Սամվել Մարտիրոսյան. Թարգմանություն, ?