Այսօր չեն լսվում սրտի զարկ ու ճիչ, Ճեմողներինն է դա արահետով, Ընկնում եմ` կրծքիս ընդունած արճիճ, Իսկ մտածելը հասցնում հետո. ՙՀաստատ չեմ դառնա կռվից այս անգամ, Գնում եմ, սակայն կգա ուրիշ մարդ»; Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ, Իսկ որդիները գնում են ճակատ: Ինչ-որ մեկն անցավ խրամ-վիհն անել` Որոշած` հետո թեկուզ ջրհեղեղ, Իսկ ես խրամն իմ լքեցի, որ էլ Չլինի արդեն ոչ մի ջրհեղեղ: Հիմա աչքերս կփակվեն անկամ. Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ: Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ, Իսկ որդիները գնում են ճակատ: Իմ տեղն ո՞վ կգա` գրոհի գնա, Եվ ո՞վ կհասնի կամրջին հենց էն, Ու ես ցանկացա` թող լինի, ա՛յ, նա, Որի վրա որ շորերը մեծ են: Ես հասցնում եմ ծիծաղել անգամ` Տեսնելով հետքից եկողին կճատ: Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ, Իսկ որդիները գնում են ճակատ: Պայթյունների մեջ ի՜նչ սրտի տրոփ, Բայց վերջին պահին լսեցի ես այն, Որ վերջս վերջ չէ այս կյանքում իրոք. Այն ինչ-որ մեկի սկիզբն է միայն: Հիմա աչքերս կփակվեն անկամ, Ես ուժգին հողին կխփվեմ հաստատ: Մենք չհասցրինք նույնիսկ ուշքի գալ. Իսկ որդիները գնում են ճակատ:
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007